Ամեն տարի ճանապարհներին տեղի է ունենում ավելի քան 300 000 ավտովթար, որոնց հիմնական պատճառը հանդիսանում է ղեկին վարորդների գերհոգնածությունը: Պատահարների մոտավորապես 25%-ի դեպքում վարորդն ուղղակի քնում է, ինչը հանգեցնում է ողբերգական հետևանքների: Ամեն տարի քնի պատճառով մահանում է ավելի քան 30 000 մարդ: Հենց այդ պատճառով Creative Mode լատվիական ընկերությունը որոշել է կյանքի կոչել Steer թևնոցի գաղափարը` այն ներկայացնելով Kickstarter կրաուդֆանդինգային հարթակում:
Այս փոքր սարքավորումը թույլ կտա վարորդներին հոգնածության դեպքում չքնել և պաշտպանել իր և իրեն շրջապատող մարդկանց կյանքն ավտովթարի սպառնալիքից:
Սարքը հագեցած է 16 տվիչներով, որոնք իրական ժամանակում մոնիտորինգի են ենթարկում սրտի զարկը և վարորդի մաշկի էլեկտրահաղորդունակությունը: Նմանատիպ տվիչներ օգտագործվում են պոլիգրաֆներում: Հենց որ սարքը նկատում է, որ վարորդի հոգնածությունը հասել է նրա կյանքի համար վտանգ հանդիսացող աստիճանի, այն կփորձի սթափեցնել նրան էլեկտրական ցնցման միջոցով: Դա բավարար կլինի մարդուն արթնացնելու համար: Դրանից հետո սերոտոնինի, նորադրենալինի և կորտիզոլի մակարդակն օրգանիզմում ավելանում են, իսկ քնի հորմոնի` մելատոնինի մակարդակն ընդհակառակը նվազում:
Սարքի մշակողները երկար ժամանակ ուսումնասիրել են տարբեր միջոցներ, որոնք վարորդները կիրառում են ղեկին չքնելու համար: Ամենատարածված մեթոդներն են սուրճը, էներգետիկ ըմպելիքները, բարձր երաժշտությունը կամ ծխախոտը: Սակայն այս մեթոդների մեծ մասը բացի նրանից, որ վնասակար է առողջության համար, նաև չի ապահովում 100%-անոց արդյունք: Steer թևնոցն ավելի արդյունավետ է, քան վերոնշյալ միջոցները: Այս սարքն ամենայն ուշադրությամբ կհետևի վարորդի օրգանիզմի վիճակին և կպաշտպանի նրան վտանգից: Մարտկոցի մեկանգամյա լիցքավորումը բավարար է 2 շաբաթ օգտագործելու համար:
Սարքն արդեն հավաքել է անհրաժեշտ գումարը Kickstarter կրաուդֆանդինգային հարթակում և վաճառքի կհանվի 2017 թվականի նոյեմբերին: Թևնոցի արժեքը հարթակի օգտատերերի համար կազմում է 99 դոլար: Աշնանը գինը կդառնա 199 դոլար: