StoreDot իսրայելական ընկերության ինժեներները CUBE Tech Fair ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվել է Բեռլինում մի քանի օր առաջ, ցուցադրել են իրենց նոր FlashBattery տեխնոլոգիան, որը թույլ է տալիս լիցքավորել էլեկտրական մեքենաներն ընդամենը հինգ րոպեում:
Մարտկոցը կազմված է նանոնյութերից և արտոնագրված օրգանական միացություններից, որոնք ապահովում են չափազանց արագ լիցքավորում:
FlashBattery-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում լիցքավորման արագության վրա: Ընդ որում, մեկ լիցքավորումից հետո մեքենան կարող է անցնել ավելի քան 500 կմ: Հիշեցնենք, որ օրինակ Tesla ընկերության SuperCharger կայանները մեքենաների մարտկոցներն ամբողջությամբ լիցքավորում են մոտավորապես 75 րոպեում: Տարբերությունն ակնհայտ է:
«Արագ լիցքավորումը կարևոր պակասող օղակ է, որն անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրական մեքենաները համընդհանուր տարածում գտնեն»,- ասել է StoreDot ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դորոն Մայերսդորֆը:
StoreDot ընկերությունը նաև նշում է, որ FlashBattery-ն շատ ավելի անվտանգ է, քան էլեկտրական մեքենաներում օգտագործվող ժամանակակից մարտկոցները, քանի որ դրանք հրավտանգ չեն և այրման ավելի բարձր ջերմաստիճան ունեն:
Սա մեծ առաջընթաց է, քանի որ 2013 թվականին Tesla ընկերությունը ցնցված էր այն փաստից, որ Model S մեքենաներից մի քանիսն սկսել էին այրվել, ինչը հանգեցրել էր բաժնետոմսերի գների անկմանը և ստիպել էր գլխավոր տնօրեն Իլոն Մասկին բաց նամակով դիմել հանրությանը:
StoreDot ընկերությունը, որն արդեն հավաքել է 66 միլիոն դոլար, այժմ ուսումնասիրում է իր տեխնոլոգիայի կիրառության հնարավորությունը սմարթֆոնների համար:
Ընկերությունն ակնկալում է, որ մարտկոցները կհայտնվեն շուկայում առաջիկա երեք տարիների ընթացքում: