Stratagem բրիտանական ստարտափն օգտագործում է արհեստական ինտելեկտ մարզական իրադարձությունների արդյունքներին խաղադրույքներ իրականացնելու համար: Ստարտափի հիմնադիրը վստահեցնում է, որ նպատակն է խաղային բիզնեսը դարձնել ներդրումների համար վստահելի գործիք:
Stratagem ստարտափի հիմնադիր Անդրեաս Կուկորինիսն ասում է, որ գտել է ալգորիթմ, որը թույլ է տալիս գումար վաստակել սպորտային տոտալիզատորի օգնությամբ: Դա հնարավոր է իրականացնել երկու եղանակով: Առաջինը, ընկերությունը վաճառում է ֆուտբոլային, բասկետբոլային և այլ խաղերի արդյունքների իր կանխատեսումները պրոֆեսիոնալ խաղացողներին, ովքեր խաղադրույքներ են կատարում կամ բուքմեյքերական գրասենյակներին, որոնք այդ տվյալների հիման վրա որոշում են խաղադրույքի գումարի չափը` համաձայն հաղթանակի հավանականության:
Երկրորդը, Stratagem-ը ստեղծում է ներդրողների ֆոնդ, որտեղից էլ ստարտափը կատարում է խաղադրույքներ: Ֆոնդը կազմում է մոտավոր 25 միլիոն ֆունտ սթերլինգ (32 միլիոն դոլար): Թե որքան գումար է արդեն հավաքվել, ընկերությունը չի հաղորդում:
Համակարգը դեռ չի կարող աշխատել առանց մարդկանց միջամտության: Մարզական մրցումների կանխատեսումները իրականացվում են 65 վերլուծաբանների օգնությամբ: Սակայն որոշ առաջադրանքներ հանձնարարվել են արհեստական ինտելեկտին: Ստարտափն օգտագործում է մեքենական ուսուցում խաղադրույքներ տեղադրելու ամենաճիշտ ժամանակի որոշման համար: Ընդ որում, ալգորիթմի մշակումը շարունակվում է, որը կկարողանա փոխարինել մարդուն այս կամ այն խաղի արդյունքի կանխատեսման հարցում: Այս նպատակով կուտակվում են հսկայական տվյալներ հազարավոր մարզական մրցումների արդյունքների և խաղի ընթացքի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի գտնել օրինակներ, որոնց հիման վրա էլ սովորում է արհեստական ինտելեկտը:
Stratagem ընկերության կողմից մշակված նեյրոնային ցանցն օգտագործում է համակարգչային տեսողությունը և վերլուծում յուրաքանչյուր ֆուտբոլային խաղի ընթացքը` փորձելով կանխատեսել դրա արդյունքը, ինչպես նաև այն, թե որ թիմը կկարողանա գոլ խփել և որ րոպեին: Հենց այս գիտելիքներն են հարկավոր մեծ շահումների համար:
«Մի կողմից դժվար է կանխատեսել խաղի զարգացումը, երբ մի թիմի ֆուտբոլիստները գտնվում են բավականին հեռու մյուս թիմի դարպասներից: Սակայն, երբ Լիոնել Մեսսին միայնակ դուրս է գալիս դարպասապահի դիմաց, գոլի մաթեմատիկական հավանականությունը կազմում է 80%: Մենք ուսումնասիրում ենք այն, ինչը ստեղծել է նմանատիպ իրավիճակ և գնահատում ենք յուրաքանչյուր թիմի խաղաոճը` արդյունքը կանխատեսելու համար»,- ասել է Անդրեաս Կուկորինիսը: