Ամերիկայում ստեղծել են Stratolaunch ինքնաթիռը, որը նախատեսված է տիեզերք հրթիռների արձակման համար: Այն առաջին անգամ դուրս է բերվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոհավեի անապատի օդանավարանից:
Թևերի բացվածքը կազմում է 117 մետր, այն կշռում է 227 տոննա, իսկ լրիվ բեռնվածությամբ` մինչև 600 տոննա, ինքնաթիռի բարձրությունը 15 մետր է: Հսկայական ինքնաթիռն ունի երկու ֆյուզելաժ` յուրաքանչյուրը 72 մետր երկարությամբ:
Ինքնաթիռը մշակվել է Vulcan Aerospace ընկերության կողմից, որը հիմնադրել է Microsoft ընկերության համահիմնադիր Պոլ Ալենը 2015 թվականին:
Սա ուղևորատար ինքնաթիռ չէ, այն նախատեսված է հատուկ հրթիռների արձակման համար, որոնք արբանյակներ կտեղափոխեն տիեզերք:
Stratolaunch-ը նման է SpaceX և Blue Origin ընկերությունների կողմից մշակված հրթիռային համակարգերին: Ալենի կողմից մշակված դիզայնն այնուամենայնիվ տարբերվում է նրանով, որ պահանջում է «օդանավակայանի ոճի մոտեցում»: Ինքնաթիռը նախատեսված է հրթիռների տեղափոխման համար կենտրոնական թևի ներքևի հատվածում` արձակելով դրանք, երբ հասնում է 9100 մետր բարձրության: Այսպիսով, նմանատիպ համակարգն ավելի քիչ վառելիք կօգտագործի, քան գետնից արձակվող հրթիռը:
Եթե ինքնաթիռի փորձարկումները հաջողությամբ ընթանան, հսկայական Stratolaunch-ն օդ կբարձրանա արդեն 2019 թվականին: