Օհայո նահանգում գտնվող Workhorse ընկերությունը ներկայացրել է իր SureFly ուղևորատար թռչող սարքը, որը կիրականացնի առաջին թռիչքը հունվարի 8-ին Լաս Վեգասում:
«CES ցուցահանդեսն իդեալական վայր է SureFly սարքի ցուցադրման համար»,- ասել է Workhorse ընկերության ներկայացուցիչ Մայք Դեկտասը: «Սա ամենակարևոր տեխնոլոգիական շոուն է աշխարհում, իսկ նոր սարք-ը հիանալի օրինակ է, թե ինչպես VTOL (ուղղահայաց թռիչք և վայրէջք) տեխնոլոգիաները մուտք են գործել աշխարհ»:
SureFly ֆուտուրիստական տրանսպորտային միջոցը, որը պատրաստված է ածխածնի մանրաթելից, առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա սկզբին Փարիզի ավիասալոնում: Սարքն ընդունակ է տեղափոխել մինչև 180 կգ բեռ, կառավարվում է ութ առանձին պրոպելերների միջոցով և սնուցվում է հիբրիդային համակարգի շնորհիվ, որը միացնում է ներքին այրման շարժիչը և զուգահեռ միացման մարտկոցը:
Հաղորդվում է, որ սարքի ավելի վաղ տարբերակները կկառավարվեն օդաչուի կողմից, սակայն ավելի ուշ արդեն կլինեն ամբողջովին անօդաչու տարբերակներ: Սարքն ընդունակ է ժամում զարգացնել մինչև 112 կմ արագություն:
«SureFly-ն իրենից ներկայացնում է վերստեղծված ուղղաթիռ»,-շարունակում է Դեկտասը: «Այն ղեկավարվում է այնպես, ինչպես անօդաչու թռչող սարքերը»:
Ներկայացուցիչը նշել է նաև, որ սարքը չի մշակվել կոնկրետ հաճախորդի համար: Ընկերությունը հուսով է գտնել հաճախորդներ ցուցահանդեսի ժամանակ: Այդ ցանկում կարող են լինել արտակարգ իրավիճակների ծառայությունները, ուղևորները, զինվորականները, բեռնափոխադրողները և այլն: