Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը վերջերս խոստացել էր, որ իր մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունն ընդամենը 100 օրվա ընթացքում կստեղծի Հարավային Ավստրալիայի համար ամենամեծ լիթիումաիոնային մարտկոցն աշխարհում: Այն թույլ կտա կուտակել էներգիա և օգտագործել այն վատ եղանակային պայմանների ժամանակ, երբ էլեկտրաէներգիան սովորաբար անջատվում է: Նախագիծը հիանալի է, իսկ դրա իրականացման համար Իլոն Մասկը խնդրել է անհավանական քիչ ժամանակ:
Նա դեռ 2017 թվականի մարտին խոստացել էր, որ Tesla ընկերությունը, որը նաև SolarCity արևային էներգիայի մատակարարն է, կարող է օգնել Հարավային Ավստրալիային եղանակային պայմանների պատճառով էլեկտրաէներգիայի հաճախակի անջատման հետ կապված խնդիրների լուծման հարցում:
Twitter-ում Իլոն Մասկը գրել է, որ Tesla-ի մտադրությունները շատ լուրջ են` կամ ընկերությանը կհաջողվի իրականացնել ծրագիրը 100 օրվա ընթացքում, կամ այն չի ստանա այս վիթխարի համակարգի մոնտաժային աշխատանքների գումարը: Նշենք, որ Tesla-ն հաղթել է Հարավային Ավստրալիայի ղեկավարության կողմից առաջարկվող աշխարհի ամենամեծ լիթիումաիոնային մարտկոցի ստեղծման պայմանագիրը:
Tesla -ն կարողացել է շրջանցել նախագծի ավելի քան 91 միջազգային մասնակիցներին` հնարավոր է Մասկի հեղինակության շնորհիվ և նրա համարձակ հայտարարության, համաձայն որի նա հրաժարվում է տեղադրման վճարից` 100 մեգավատանոց լիթիումաիոնային էներգիայի կուտակիչ: Այս հսկայական մարտկոցը կդառնա երբևէ ստեղծված խոշորագույն մարտկոցն աշխարհում: Եվ հավանական է, որ այստեղ մեծ կիրառություն կգտնի Tesla ընկերության Powerpack համակարգը:
Մարտկոցը նախատեսված է քամու միջոցով արտադրվող էներգիայի պահպանման համար: Այդ էներգիան արտադրվում է Neoen ֆրանսիական ընկերության Hornsdale Wind Farm-ի կողմից, որը տեղակայված է Ջեյմսթաունում:
Այս համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կարող է կուտակել արևային էներգիա այն ժամանակ, երբ դրա կարիքը գրեթե չկա և թույլ է տալիս օգտագործել այն ժամանակ, երբ այն իսկապես անհրաժեշտ է: Նմանատիպ մոտեցումը նվազեցնում է ծախսերը և էներգիայի ոչ վերականգնվող աղբյուրներից կախվածությունը:
Համակարգը նախատեսված է ավարտին հասցնել 2017 թվականի դեկտեմբերին: Այն կդառնա աշխարհի խոշորագույն լիթիումաիոնային էներգակուտակիչ սարքը և կապահովի բավականաչափ հզորություն ավելի քան 30 000 տների համար, որոնք առանց էլեկտրաէներգիայի են մնում վատ եղանակային պայմանների ժամանակ:
Համաձայնագրի հետ կապված աշխատանքները կավարտվեն աշնանը, հենց այդ պահից սկսած Tesla-ն կունենա 100 օր նախագծի աշխատանքներն ավարտելու համար: Հակառակ դեպքում ընկերությունը կարող է կորցնել ավելի քան 50 միլիոն դոլար:
Իհարկե, ընկերությունը զգալիորեն առաջընթաց է գրանցել` ներկայացնելով Powerwall-ը և Powerpack-ը երկու տարի առաջ: Tesla-ն այժմ էներգիայով է ապահովում Հավայան Կաուայի կղզին` օգտագործելով Powerpack տեխնոլոգիայի հիման վրա աշխատող մեծ արևային համակարգ: Միջին բիզնեսը նույնպես դիմում է Tesla ընկերության տեխնոլոգիաների օգնությանը` էներգիայի կուտակման համար: Այդ ընկերությունների շարքում է Sierra Nevada Brewing Co-ն: Լոս-Անջելեսն այժմ արդեն օգտագործում է Powerpack էներգիայի կուտակիչը, որը Tesla-ն ներկառուցել է Օնթարիոյում գտնվող Southern California Edison’s Mira Loma ենթակայանում, որը էներգիայով է ապահովում 15 000 տուն:
Այսպիսով, չնայած Հարավային Ավստրալիայի նախագիծը թվում է չափազանց ամբիցիոզ` Իլոն Մասկի կողմից ժամանակահատվածի նշանակման պատճառով, սակայն այն իրականացնելու դեպքում Tesla-ն կստեղծի ընկերության տպավորիչ համբավ, որի համար խնդիր չէ իրականացնել նմանատիպ դժվարին նախագծեր շատ կարճ ժամանակահատվածում: