Cartivator ստարտափը ցուցադրել է թռչող մեքենայի նախատիպը: Մշակման հեղինակները հույս ունեն, որ սարքը կօգտագործվի 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Ներկայումս ստարտափները, ավտոմեքենաների և ինքնաթիռների արտադրողները գումարներ են ներդնում տարատեսակ նախագծերի մեջ, որոնք ուղղված են թռչող մեքենաների ստեղծմանը, որոնք էլ մի գեղեցիկ օր կարող են ամբողջությամբ փոխել քաղաքում ուղևորափոխադրումների իրականացման ձևը:
Uber, Airbus, AeroMobil, Terrafugia և SkyRunner ընկերությունների նման, Toyota-ն նույնպես հետաքրքրված է թռչող մեքենաների գաղափարով:
Ճապոնական ընկերությունը վերջերս հատկացրել է 40 միլիոն յեն (մոտավորապես 350 000 դոլար) Cartivator ստարտափին, որը բաղկացած է 30 ինժեներներից: Խմբում կան նաև Toyota ընկերության աշխատակիցներ, թիմը սկսել է մշակել SkyDrive անվանումը ստացած մեքենան 2014 թվականին: Այժմ նախագիծը դեռ գտնվում է զարգացման նախնական փուլում, սակայն օդաչուի մասնակցությամբ առաջին թռիչքը պլանավորվում է իրականացնել 2018 թվականին:
Սարքը կիրառում է անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան: Նախատեսվում է, որ այն կերթևեկի 100կմ /ժամ արագությամբ` գտնվելով 10 մետր բարձրության վրա:
Հունիսի 3-ին ցուցադրվել է SkyDrive-ի փորձնական մոդելը, որն ուներ բավականին պրիմիտիվ ալյումինե կարկաս: Սարքը կարողացել է թռչել և օդում մնալ մի քանի վայրկյան: Հեղինակները հաղորդում են, որ կառույցը դեռ շատ աշխատանք է պահանջում, որպեսզի մեքենան օդում ավելի երկար մնա` 2020 թվականին օլիմպիական ջահը վառելու համար:
Մշակողները ծրագրում են, որ իրենց մեքենան կդառնա աշխարհի ամենափոքր թռչող էլեկտրական մեքենան (2.9×1.3 չափերով), որը կարող է օգտագործվել փոքր քաղաքներում: