Cambridge Consultants ընկերության հետազոտողները ներկայացրել են արհեստական ինտելեկտի նոր համակարգ, որը թույլ է տալիս պարզ էսքիզները վերածել արվեստի ստեղծագործությունների: Համակարգը ստացել է «Vincent» անվանումը: Համակարգի ստեղծման համար մասնագետներն օգտագործել են արհեստական ինտելեկտի նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում բազմաթիվ «գեներատիվ հակասական ցանցեր» (GAN) և բարդ ցանցային նախապատրաստում:
Այս գործընթացի ընթացքում ուսումնասիրվել են հազարավոր նկարներ` սկսած Վերածննդի դարաշրջանից մինչև մեր օրեր, որոնք ընդգրկում են աբստրակտ, կուբիստական, իմպրեսիոնիստական և այլ գեղարվեստական ուղղություններ: Դա համակարգին թույլ է տալիս հասկանալ յուրաքանչյուր արվեստագետի առանձնահատկությունները: Vincent համակարգն ինքնուրույն ընտրում է էֆեկտների հավաքածուն, որն էլ հետագայում օգտագործում է յուրաքանչյուր էսքիզի համար:
«Հաջողությամբ համադրելով մեքենական ուսուցման տարբեր մոտեցումները` մենք ստեղծել ենք չափազանց ինտերակտիվ մի համակարգ: Այն վերցնում է էսքիզի գաղափարը և այն վերածում գեղանկարչության գլուխգործոցի» ,- ասել է մեքենական ուսուցմամբ զբաղվող խմբի ղեկավար Մոնտի Բարլոուն:
Գաղափարը կայանում էր նրանում, որ համակարգը կարողանար հասկանալ, որ գույնը, կոնտրաստը և տեքստուրան հակված են փոփոխվելու, հասկանալ, թե ինչ են նշանակում մարդկանց էսքիզների ուրվագծերը և հաջողությամբ ավարտին հասցնել դրանք: Համակարգի օգտագործման համար օգտատերը պարզապես նկարում է էկրանին ստիլուսով, իսկ Vincent-ը մեկնաբանում է գծերը և լրացնում մնացածը: «Ի տարբերություն մեքենական ուսուցման սովորական մոտեցումների, որոնք պարզապես օգտագործում են մաթեմատիկա արվեստին մոտ գործեր ստեղծելու համար, Vincent-ը կարող է ընդունել մարդու կողմից տրամադրված տվյալները և ստեղծել համապատասխան ավարտուն աշխատանքներ»,-բացատրում է ընկերությունը:
Նշենք, որ դրանից հետո նկարիչը կարող է վերջնական տեսքի բերել նկարը, և արհեստական ինտելեկտը հաշվի կառնի փոփոխությունները:
Cambridge Consultant-ը ենթադրում է, որ մի քանի արհեստական ինտելեկտների օգտագործմամբ մոտեցումը կարող է կիրառվել ոչ միայն արվեստում, այլ նաև ինքնավար մեքենաների, թվային անվտանգության և այլ ոլորտներում, որոնք նկարների բարդ մշակման կարիք ունեն: