Geely չինական ընկերությունը, որին պատկանում է Volvo-ն, վերջերս հայտարարել է Terrafugia ստարտափի ձեռքբերման ավարտի մասին, որը ստեղծվել է MIT-ի ինժեներների և MBA ուսանողների կողմից:
Գնման մասին լուրն առաջին անգամ հայտնի է դարձել հուլիսին, երբ South China Morning Post հրատարակությունը հաղորդել է, որ Zhejiang Geely Holding Group չինական ընկերությունը վերանայում է արդեն 11 տարի գոյություն ունեցող Terrafugia ընկերության ձեռքբերման հնարավորությունը: Ընկերություններից ոչ մեկը չի հաստատել ձեռքբերման մասին այս լուրը մինչև այսօր, երբ ընկերությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է թռչող մեքենաներն «իրականություն» դարձնելու մասին մտադրությունը:
Terrafugia ստարտափի մշակումներից է համարվում TF-X նախատիպը: TF-X-ի ձգվող թևերն ունեն մի զույգ ռոտորներ, որոնք ինքնաթիռին թույլ են տալիս թռչել և վայրէջք կատարել ուղղահայաց դիրքով, ինչպես ուղղաթիռը: VTOL տեխնոլոգիայի այս տեսակը հանդիսանում է օդային տաքսիների ստեղծման հիմքը: Ինքնաթիռը հագեցած կլինի էլեկտրական շարժիչով, որը թույլ կտա խուսափել աղմուկից և աղտոտությունից:
Նշվում է, որ Terrafugia-ի հիմնադիր Կարլ Դիթրիխը կզբաղեցնի տեխնոլոգիաների գլխավոր մասնագետի պաշտոնը, թույլ տալով Geely ընկերությանը նշանակել Քրիս Յարանին` Bell Helicopters-ի նախկին գործադիր տնօրենին, որպես գլխավոր տնօրեն: Geely ընկերության միջազգային բիզնեսի փոխնախագահ Նաթան Յու Նինգը կգլխավորի Terrafugia-ն: Իսկ Geely-ի մնացած երեք ղեկավարները կմիանան ընկերության խորհրդին:
Թռչող մեքենաների ֆանտաստիկայի ժանրից դեպի իրականություն անցումը, որը նշանակալի ազդեցություն կունենա քաղաքներում շարժունակության վրա, անչափ դժվար կլինի: Եվ որոշ մասնագետներ մտածում են, արդյոք արժե այդքան շատ ժամանակ, ջանք և ռեսուրսներ ներդնել, ինչպես անում են Airbus, Uber և այժմ արդեն Geely ընկերությունները: Uber-ը հայտարարում է, որ ծրագրում է մեկնարկել թռչող տաքսու ծառայությունը Դալլասում, Լոս Անջելեսում և Դուբայում արդեն 2020 թվականին: Սակայն նման կոմերցիոն հաջողության հասնելու համար, ամենայն հավանականությամբ, կպահանջվի առնվազն մի քանի տարի: Geely և Terrafugia ընկերությունները դեռ չեն հաղորդել սեփական ծառայության մեկնարկի հստակ ժամկետը: