Yandex ռուսական որոնողական հսկան գործարկել է «Ալիսա» անվանումն ունեցող թվային օգնականին: Ինչպես և Alexa կամ Siri համակարգերը, Ալիսան օգտատերերին տրամադրում է ինֆորմացիա ուղղությունների, եղանակի տեսության մասին, նորություններ, ինչպես նաև հասանելիություն Yandex-ի այլ առաջարկներին, օրինակ, երաժշտական սերվերին: Եվ իհարկե, այս ամենն իրականացվում է ռուսերեն լեզվով, ինչը, ըստ Yandex-ի, բարդ լեզու է արհեստական ինտելեկտի համար:
«Խոսքի ճանաչումը հատկապես դժվար է ռուսերենի համար քերականական և ձևաբանական բարդությունների պատճառով»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Yandex ընկերության մեքենական ինտելեկտի և հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար Միշա Բիլենկոն հաղորդել է, որ տեխնոլոգիան բոլոր այն տեխնոլոգիաների գագաթնակետն է, որոնց վրա ընկերությունն արդեն երկար ժամանակ աշխատում է, ներառյալ ձայնային որոնման ֆունկցիան, որն արդեն առկա է հավելվածում:
Ընկերությունը պնդում է, որ օգնականը դրսևորում է գրեթե մարդկային մակարդակի խոսքի ճանաչման ճշգրտություն, ինչը նշանակում է, որ այն ընդունակ է արձագանքել առօրյա հարցումներին և ինֆորմացիա կուտակել ենթատեքստային հուշումների հիման վրա:
Ալիսան հասկանում է նույնիսկ ժարգոնային բառերը: Օրինակ, երբ օգտատերը Ալիսային հարցնում է. «Ինչ եղանակ է սպասվում Մոսկվայում», հետո հարցնում է` «Իսկ Պիտերում», Ալիսան հասկանում է իմաստը և ներկայացնում Սանկտ Պետերբուրգի եղանակի կանխատեսումը:
Տեխնոլոգիայի առանձնահատկություններից է «Chit-Chat» ֆունկցիան, որը փորձում է դարձնել այն ավելի ինտերակտիվ: Ալիսան խոսում է Տատյանա Շիթովայի ձայնով:
Այժմ ֆունկցիան հասանելի է Yandex բջջային հավելվածի համար և հասանելի կլինի բջջային բրաուզերում: Ներկայումս Windows-ի տաբերակը գտնվում է բետա թեստավորման փուլում: Ընկերությունը չի հաստատել այն լուրերը, թե աշխատում է օգնականի աջակցությամբ աշխատող Echo/Google Home-ի նման տեխնոլոգիայի վրա, սակայն Բիլենկոն հավելել է. «նմանատիպ ապրանքներից և ոչ մեկն առկա չէ ռուսական շուկայում, ուստի մենք չենք բացառում դա»:
Yandex-ը միակ տարածաշրջանային ընկերությունը չէ, որը ներառել է ձայնի միջոցով ակտիվացող օգնական: Baidu չինական տեխնիկական ընկերությունը 2015 թվականին նույն նախաձեռնությամբ է հանդես եկել, ցուցադրելով, թե որքան պահանջված են վիրտուալ օգնականները: